Հոկտեմբերի 27-ի բացահայտումը ուղիղ կապ ունի մեր պետության, պետականության կայացման հետ` «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Հայաստանի նախկին վարչապետ, «Ելքի» անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Հոկտեմբերի 27-ից 18 տարի անց էլ անձնական վշտի զգացողություն կա նաև քաղաքական առումով, պետությանը և Հայաստանի քաղաքական դաշտին տված խոր ու անդառնալի կորստի զգացում կա, իսկ չբացահայտվածությունը տանում է նաև կասկածների՝ ներսում հակառակորդներ և թշնամիներ ման գալու դաշտ, ինչը շատ-շատ վատ է։ Բազմիցս ես ասել եմ, որ Հոկտեմբերի 27-ի բացահայտումը ուղիղ կապ ունի մեր պետության, պետականության կայացման հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։
Հարցին, թե իշխանության մեջ կա՞ն մարդիկ, ովքեր կապ ունեն այդ ոճրագործության հետ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մեղքը պետք է որոշի դատարանը։ Հակառակ դեպքում՝ հանրությունը, հասարակությունն արդեն հետևություն արել է, մեղավորներին գտել է ու ինձ էլ ասում է՝ «որ ուժեղ տղա լինեիր, պիտի դնեիր ու ճակատից գյուլլեիր»: Ես էդ մոտեցման կողմնակիցը չեմ, որովհետև պետության ու պետականության հիմնական բաղադրիչը այն է, որ մեղավորին ու անմեղին որոշում է դատարանը։ Եվ այս առումով կան հարցեր, շատ-շատ հարցեր, որ այս իշխանությունները տալու են, բայց այդ հարցերը պետք է տա դատարանը»։